Friday, April 24, 2009

The Special Needs Schools in Armenia and Their Needs








Արդեն մի քանի տարի «Ապագան բաց է» հասարակական կազմակերպությունն իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր Երևանի հատուկ դպրոցներում, մանկատներում: Այս տարի ուսումնական տարեսկզբից կազմակերպությունը սկսել է «Նամակագրական կապ» անունը կրող ծրագրի իրականացումը, որը նախատեսված է 5-18 տարեկան երեխաների համար: Այս և այլ նախագծերի մասին Tert.am-ին պատմել է կազմակերպության նախագահ Սամվել Մովսիսյանը: Ըստ վերջինիս, այս ծրագիրը նախատեսված է հիմնականում տեսողության հետ խնդիրներ ունեցող երեխաների համար: Երեխաները նամակներ են գրում տարբեր մարդկանց, ովքեր ապրում, աշխատում են Հոլանդիայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում:
«Այդ երեխաները շփման կարիք ունեն, նրանք ցանկանում են կիսվել ինչ-որ գաղտնիքներով, բարելավել հարաբերություններն այլ մարդկանց հետ»,- նշել է Մովսեսյանը: Կազմակերպությունը մանրամասնորեն ծանոթանում է այն մարդկանց տվյալների հետ, ում նամակներ են ուղարկվելու:
«Նախագծի գաղափարը հենց նրանում է, որ այդ մարդիկ կոչ են անում երեխաներին սովորել, կրթություն ստանալ, ուսանել, ինչ-որ բանի հասնել»,- նշել է կազմակերպության նախագահը: Բացի «Նամակագրական կապ» ծրագրից, հասարակական կազմակերպությունն իրականացնում է այլ կրթական ծրագրեր ևս: «Ապագան բաց է» կազմակերպությունը համագործակցում է վեց կառույցների հետ, մասնավորապես` հատուկ դպրոցների և մանկատների հետ, որտեղ կազմակերպության կամավորները յուրաքանչյուր օր տարբեր առարկաների շուրջ դասեր են վարում:
Tert.am-ի թղթակիցը և օպերատորն այցելել են Կրթության և գիտության նախարարության կից Թիվ 12 հատուկ դպրոց և նկարահանել որոշ դասեր:
«Օգնենք երեխաներին» ծրագրում ներգրավված է 70 կամավոր: Հիմնական առարկաներից և համակարգչային հմտություններից բացի, կամավորները երեխաների հետ նաև ֆուտբոլ, շախմատ, շաշկի և վոլեյբոլ են խաղում:
Սամվել Մովսիսյանը պատմել է, որ շուտով 10 երեխաներից բաղկացած թիմը կմեկնի Վանաձոր, որտեղ կմասնակցի ֆուտբոլի մրցաշարին:
Բայց, իհարկե, կազմակերպության հիմնական խնդիրը երեխաների կրթամակարդակի բարձրացումն է: «Նման հաստատություններում բավական ցածր կրթամակարդակ է, ինչի պատճառով էլ ստեղծվել է մեր կազմակերպությունը»,- նշել է Մովսեսյանը:
Հատկապես դժվար է 10-րդ դասարանցիների համար: Եթե ցածր դասարաններում կամավորները մի քանի տարիների ընթացքում կարող են հասնել արդյունքների, ապա ավագ դասարաններում մեկ տարվա ընթացքում դժվար է ինչ-որ արդյունքներ ակնկալել:
Ըստ Մովսիսյանի` 10-րդ դասարանի որոշ աշակերտներ նույնիսկ տառաճանաչ չեն: Իսկ 2005թ. հետո ընդամենը 3-4 աշակերտներ են շարունակում ուսումը բուհերում:
«Ամենակարևորը կրթությունն է, իսկ նման հաստատություններում երեխաների կրթությունը վտանգի տակ է»,- եզրափակել է Մովսիսյանը:
Հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Օգնենք երեխաներին» ծրագիրը ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գավառում և Վանաձորում:

No comments:

Post a Comment