ՈՐՈՇ ԴՊՐՈՑՆԵՐ ԿՓԱԿՎԵՆ
10 մասնավոր դպրոցների գործունեությունը հարցականի տակ է
Փետրվարին ԿԳՆ կրթության պետական տեսչությունը ստուգումներ իրականացրեց ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող 49 ոչ պետական ուսումնական հաստատություններում: Դրան զուգահեռ՝ ավարտական դասարաններում թելադրության եւ թեստերի միջոցով իրականացվեց նաեւ աշակերտների գիտելիքների ստուգում: «Առավոտը» զրուցեց տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանի հետ: Պարզվեց, որ արդյունքները գոհացուցիչ չեն ո՛չ ուսումնական գործընթացի կազմակերպման՝ կրթության բնագավառի օրենսդրության համապատասխանության, ո՛չ էլ աշակերտների գիտելիքների մակարդակի առումով: Տիկին Գալստյանը նշեց «ICUPC» ՍՊԸ-ի մասին. «2008-ի նոյեմբերին 23 ոչ պետական ուսումնական հաստատություններում ուսումնասիրության ժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն ասաց, որ իրենք աշակերտական համակազմ չունեն եւ գործունեություն չեն իրականացնում: Իսկ երբ 2009 թ. մարտին ստուգում կատարելու նպատակով մեր տեսուչներն այցելեցին այդ ՍՊԸ, կասկած առաջացավ, որ այն իրականում թաքնված ուսումնական գործունեություն է իրականացնում: ՍՊԸ-ի ղեկավարությունը խոչընդոտել է տեսուչների աշխատանքը: Մեր տեսուչները սահմանված կարգով արձանագրել են փաստը, տեղեկացրել ոստիկանությանը, եւ հարցը ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազին»: Ռ. Գալստյանի փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում պարզվել է, որ համատարած բնույթ է կրում այն, որ հանրակրթական ծրագրեր իրականացնող այդ կազմակերպությունների մեծ մասը՝ որպես ուսումնական հաստատություն, չունեն հիմնադիր փաստաթուղթ՝ կանոնադրություն, այսինքն՝ չեն պահպանվել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջները: Առաջին դասարան ընդունելությունը կատարվում է օրենքի խախտումով. տարիքի անհամապատասխանությամբ երեխաներ են ընդունում՝ 6 տարեկանը չլրացած, չեն պահպանվում պետական օրինակելի ուսումնական պլանի պահանջները, մանկավարժները չունեն կա՛մ մանկավարժական, կա՛մ մասնագիտական կրթություն եւ այլն: Ռ. Գալստյանը հավելեց. «Ստուգումների արդյունքում կազմվել են ակտեր եւ ներկայացվել հաստատությունների տնօրեններին: ԿԳ նախարարին՝ ստուգումների ամփոփ հաշվետվությունը: Մոտ 10 ուսումնական հաստատության գործունեության կասեցման առաջարկ է ներկայացվել, անուններ չենք հրապարակում, քանի որ նախարարի որոշումը դեռ չկա. հնարավոր է՝ առաջարկը որոշ դեպքերում մերժվի»: Նկատի ունենալով, որ շուտով նոր ԿԳ նախարար ենք ունենալու՝ այս գործընթացը ավելի մշուշոտ է դառնում:
Այդուհանդերձ, տեսչությունում մեզ տրամադրեցին որոշ դպրոցների կատարած խախտումների մասին տվյալներ: Այս «մասով» առաջին հորիզոնականում է «Բարիկ-Ա» մասնավոր բարեգործական միջնակարգ դպրոցը: 2000-01թթ. Երեւանի 68617 զորամասում «Բարիկ-Ա»-ն հիմնադրել է միջնակարգ կրթահամալիր զինծառայողների համար՝ 8-ամյա կրթություն իրականացնելու նպատակով: Ըստ դպրոցի տնօրենի ներկայացրած բացատրության՝ ուսուցիչները բարեգործական հիմունքով միջնակարգ ծրագրով ապահովում են համապատասխան կրթություն, եւ զինծառայողները ծառայությունն ավարտելուց հետո «Բարիկ-Ա»-ում հանձնում են պետական քննություն եւ ստանում ատեստատ: Ինչպես նշեց Ռ. Գալստյանը. «Կրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցման նման ձեւ կամ ավարտման ընթացակարգ սահմանված չէ»: Այստեղ ուսուցիչների հետ պայմանագրեր չեն կնքվում, նրանց տրվում է 10-15 հազար դրամ սոցօգնություն, որը գոյանում է անդամների նվիրատվությունից: Սա էլ հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներին:
«Շահամիր Շահամիրյան վարժարան» ՍՊԸ-ն չունի երկհամակազմ դասարաններ, սակայն տարբեր դասարանների մի շարք առարկաներ դասավանդվում են միաժամանակ եւ մեկ ուսուցչի կողմից, մասնագիտական համապատասխան որակավորում չունի 6 ուսուցիչ, եւ այլն: «ԱլՄա- Տրոն» ՍՊԸ-ում մի շարք խախտումների շարքում աչք է զարնում այն, որ 6 ուսուցիչ չունի մասնագիտական համապատասխան կրթություն կամ ուսուցչի որակավորում, ֆիզկուլտուրայի եւ ՆԶՊ առարկաների ուսուցիչների հետ աշխատանքային պայմանագրեր կնքված չեն եւ այլն: Երեւանի «Աղասի Այվազյան» մասնավոր դպրոցում երեխաները գերբեռնված են, 2-4-րդ դասարաններում աշակերտները օրական պարապում են 8 դասաժամ, այնինչ՝ շաբաթական 23-27 ժամը չպիտի գերազանցվի: Տնօրենի հրամանով 2008թ. սեպտեմբերին 1-ին դասարան ընդունված Մարիամ Գրիգորյանը հոկտեմբերին միանգամից տեղափոխվել է 2-րդ դասարան: Խախտումների քանակով ետ չի մնում «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» ՍՊԸ-ն: Այստեղ ապահովված չեն ուսումնական տարածքներին ներկայացվող պահանջները. դասարանները նեղ են, գրատախտակը համարյա աշակերտական սեղաններին է կպած, դպրոցն ունի ընդամենը մեկ սանհանգույց, որից օգտվում են եւ՛ աշակերտները, եւ՛ աշխատողները: 2008-09 ուստարում տնօրենի հրամանով մեկ աշակերտ ընդունվել է 2-րդ դասարան (տարիքի անհամապատասխանությամբ), առանց 1-ին դասարանի դասընթացն ուսումնասիրելու: 11-րդ դասարանի քննական արձանագրությունում գրված է, որ աշակերտը հանձնել է ռուսաց լեզու, սակայն ատեստատների բաշխման մատյանում նրա գնահատականը գրանցված է անգլերենի սյունակում: «Ֆրանսիական դպրոց» հիմնադրամում հայտնաբերված բազում խախտումների շարքում է այն, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել 5.5 տարեկաններին ընդունել դպրոց: Խախտվել են նաեւ «Կրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքների պահանջները, քանի որ այս հաստատությունում կրթությունն իրականացվում է ֆրանսերեն լեզվով: Տարօրինակ է, որ Երեւանի «Հույսի փարոս» դպրոցից 2007-08 ուսումնական տարվանից մինչեւ ստուգման պահը ուսումնական այլ հաստատություն է տեղափոխվել 54, դպրոց է ընդունվել 44 աշակերտ, այն դեպքում, երբ դպրոցն ունի ընդամենը 50 աշակերտ: «Էթերա» կրթահամալիրի տնօրեն Արմանուշ Միրզոյանն աշխատում է նաեւ Երեւանի թիվ 142 դպրոցում՝ որպես «կազմակերպիչ»: Սակայն տնօրենը վարչական աշխատող է, եւ դա իր հիմնական աշխատանքն է. նրան թույլատրվում է միայն մանկավարժական-գիտական գործունեություն՝ համատեղության կարգով, այն էլ՝ հիմնական աշխատանքից դուրս: Ստուգումից հետո Ա. Միրզոյանին աշխատանքից ազատման հրաման է տրվել: Իսկ «Օհանյան վարժարանի» տարրական դպրոցի գործունեությունը լիցենզավորված չէ: Ինչպես տեղեկացրեց Ռ. Գալստյանը. «Հաստատությունն օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կներկայացվեր, եթե տնօրենը բացատրություն չներկայացներ այն մասին, որ լիցենզավորման գործընթացն ընթացքի մեջ է»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ